ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմի կողմից նախկին նախագահ Դոնալդ Թրամփի շուրջ ստեղծված մթնոլորտն է հրահրել նրա դեմ մահափորձը՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Ռուսաստանի Դաշնությունը չի կարծում, որ մահափորձը կազմակերպվել է ԱՄՆ-ի գործող իշխանության կողմից, սակայն թեկնածու Թրամփի շուրջ մթնոլորտը դրդել է նրան, ինչին այսօր բախվել է Ամերիկան»,- շեշտել է նա:               
 

«ԵԹԵ ԹՈՒԼԱԿԱՄ ԳՏՆՎԵՆՔ ՈՒ ԶԻՋԵՆՔ, ԱՍՏՎԱԾ ՄԵԶ ՉԻ ՆԵՐԻ»

«ԵԹԵ ԹՈՒԼԱԿԱՄ ԳՏՆՎԵՆՔ ՈՒ ԶԻՋԵՆՔ, ԱՍՏՎԱԾ ՄԵԶ ՉԻ ՆԵՐԻ»
26.05.2009 | 00:00

«Իրավունքը de facto»-ի հյուրի` «Ֆլեշ» ընկերության նախագահ ԲԱՐՍԵՂ ԲԵԳԼԱՐՅԱՆԻ հետ զրույցի այս հատվածը ներառում է հայ-թուրքական հարաբերություններին, սահմանի բացմանն ու տնտեսական ճգնաժամին վերաբերող հարցեր։

«ԹՈՒՐՔԻ ՀԵՏ ԸՆԿԵՐԱՑԻՐ, ԲԱ՛ՅՑ...»

-Պարոն Բեգլարյան, անդրադառնանք «ճանապարհային քարտեզ» կոչվածին (որն այնքա՜ն կրքեր բորբոքեց) և փորձենք հստակեցնել Ձեր վերաբերմունքը։
-Քանի որ չգիտեմ հիշյալ փաստաթղթի բուն բովանդակությունը, ապա ինձ թույլ չեմ տա դրա վերաբերյալ ենթադրություններ անել, առավել ևս` կարծիք հայտնել։
-Չե՞ք հավատում թուրքական մամուլի «գաղտնազերծումներին»։
-Ավելի շատ հավատում եմ այն իրողությանը, որ թուրքի հետ պետք է բանակցել, չմտածելով, թե առանց շահի նա կարող է սահման բացել։ Կարծում եմ, սկսված է մեծ խաղ, և այդ խաղը, տանուլ չտալու համար, պետք է վարել բարձր մակարդակով։
-Դուք որոշակի վտանգնե՞ր եք կանխազգում։
-Թերևս, «խաղը» տանուլ տալու վտանգ կա այսօր, որովհետև ուժեղ-թույլ հարաբերություններում յուրաքանչյուրն իր խնդիրներն է լուծում։
Հայաստանի հետ սահմանը բացելու հարցում Թուրքիայի վրա առկա է Արևմուտքի ճնշումը։ Սակայն ակնհայտ է` Թուրքիան այնպիսի հզոր պետություն է, որ իր ներքին խնդիրները երբե՛ք Եվրոպայի կամ ԱՄՆ-ի հետ բանակցության նյութ չի դարձնի։ Հետևաբար, մենք շատ նուրբ պետք է մոտենանք այդ հարցին։ Օրինակ, շատ լուրջ պետք է վերլուծենք, թե սահմանի բացումն ինչքանով է Հայաստանին ձեռնտու և ինչքանո՞վ Թուրքիային, և արդյոք մենք պատրա՞ստ ենք դրան։
-Խնդիրը դիտարկենք մեր շահի տեսանկյունից։
-Նախ` փաստեմ. ավելի քան վստահ եմ, որ այդ սահմանը, համենայն դեպս, մինչև տարեվերջ չի բացվի։ Խնդիրը մենք պետք է դիտարկենք քաղաքական և տնտեսական հարթություններում։ Հստակ է` մեր բեռների 70 %-ն այսօր գալիս է Վրաստանով։ Հայ-թուրքական սահմանի բացմամբ ոչ միայն առավելություններ ձեռք կբերենք, այլև օգուտներ կստանանք։ Սա իմ համոզմունքն է որպես տնտեսագետի և որպես տնտեսավարող սուբյեկտի ղեկավարի։ Բայց դրան զուգահեռ պետք է զգուշանանք քաղաքական էքսպանսիայից։ Երկրի ներսում տնտեսական խնդիրներին վերաբերող լուրջ օրենքներ պետք է ստեղծենք, որպեսզի կարողանանք պաշտպանել ներքին արտադրողին։ Այլապես Թուրքիան իր էժան ապրանքով կողողի Հայաստանը, ինչն ուղղակիորեն կխփի մեր արտադրողին։
-Ստիպված ենք արձանագրել, սակայն, որ փակ սահմանների պարագայում նույնիսկ Հայաստանը, այնուամենայնիվ, ողողված է թուրքական էժան ապրանքով։
-Մի պահ եթե պատկերացնենք` ինչ կլինի սահմանը բացելուց հետո, կընկալենք, որ այսօր Վրաստանի ճանապարհներով Հայաստան բերվածը, այնուամենայնիվ, չնչին բան է։ Կարծում եմ` հայ-թուրքական սահմանի բացումը որոշակի պայմաններով պետք է ամրագրվի։ Համենայն դեպս, տվյալ հարցում խոր վերլուծության անհրաժեշտություն կա։
-Սահմանի բացումը փորձենք դիտարկել նաև ազգային անվտանգության տեսանկյունից (հատկապես տնտեսական ոլորտը նկատի ունեմ)։
-Խնդիրը, կարծում եմ, բոլորովին այլ հարթությունում է։ Մենք չպետք է վախենանք կրակի վրա ճաշ եփելուց, թե տունը կարող է վառվել կամ երեխային փողոց թողնելուց, թե ինչ է` դրսում հայհոյել կսովորի։ Մեր հարաբերությունները հարևան Թուրքիայի հետ պետք է կառուցենք` առաջնորդվելով մեր պապերի իմաստնությամբ` թուրքի հետ ընկերացի՛ր, բա՛յց...
Ի վերջո, պետք է հասկանանք, որ թուրքն ունի քաղցր լեզու, ամբողջ աշխարհին հմայել է իր դիվանագիտությամբ։ Մենք պատրաստ պետք է լինենք ցանկացած մարտահրավերի։ Իսկ եթե պատրաստ չենք, նշանակում է ազգերի անդաստանում չունենք մեր ուրույն տեղը։ Սակայն համոզված եմ, որ մեր ժողովուրդն անհրաժեշտ իմաստնություն և ճկունություն կցուցաբերի այդ խնդրում... Մենք, ի վերջո, ինքնապահպանման բնազդ ունենք։
-Այնուամենայնիվ, ըստ Ձեզ, պատրա՞ստ ենք սահմանի բացմանը։
-Չգիտեմ։ Գուցե և պատրաստ չենք։ Բայց պետք է պատրաստվենք։ Ընդհանրապես, չեմ ընդունում թշնամական վերաբերմունքը։ Թուրքը մեր հարևանն է, որի հետ լուրջ խնդիրներ ունենք, ամենակարևորը` գենոցիդի խնդիրը։ Թուրքը պատրա՞ստ է մեզնից ներողություն խնդրելու, պատրա՞ստ է հատուցելու 90 տարի առաջ թույլ տված իր սխալների համար։ Այո՞, բարեկամանանք։ Ո՞չ, այդպիսի մարդու հետ չեմ կարող նստել նույն սեղանի շուրջ։
-Ձեր բառերի ենթատեքստում այն միտքն է, թե պետք է առաջնորդվենք որոշակի նախապայմաններով։
-Իհարկե։ Ընդ որում, նախապայմանները մե՛նք պետք է առաջադրենք, ո՛չ թե իրենք։ Որքան էլ զարմանալի թվա ոմանց, Թուրքիայի հետ սահմանն իրենք են փակել, ո՛չ թե մենք։ Ինչպես փակել են, այնպես էլ թող բացեն։ Եթե պայմաններ առաջադրելու խնդիր կա, ապա մենք պետք է ներկայացնենք այդ խնդիրը։ Մենք, որքան էլ փոքրաթիվ, չպետք է վախենանք ճշմարտությունն ասելուց։
Ցեղասպանության հարցը կասկածանքի տակ դնել ու ինչ-որ հանձնախմբեր ստեղծելու փորձ անել, ուղղակի ծիծաղելի է։
-Անդրադառնանք Կարսի պայմանագրին։
-Ես շատ լավ ծանոթ եմ հիշյալ պայմանագրին։ ՈՒ եթե այն դիտարկում ենք միջազգայնորեն իրավաբանական լույսի ներքո, ապա պետք է վեր հանենք ու ճշտենք, թե ովքեր են ստորագրել։
Ճապոնիան Ռուսաստանի հետ Կուրիլյան կղզիների խնդիր ունի, բայց դիվանագիտական հարաբերություններ ստեղծելիս պայմաններ չի առաջադրում։ Դիվանագիտական հարաբերություններ ստեղծելն ու սահմանը բացելը կապ չունեն Կարսի պայմանագրի հետ։ Դրանք խնդիրներ են, որոնք պետք է միասին քննենք։

«ԱՇԽԱՐՀԻ ԸՆԴՈՒՆԵԼ-ՉԸՆԴՈՒՆԵԼՈՒՑ ԱՆԿԱԽ, ԼՂ-Ն ԿԱՅԱՑԱԾ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ Է»
-Սահմանների բացումը, Ձեր կարծիքով, ի՞նչ ազդեցություն կունենա ԼՂ հարցի կարգավորման վրա։
-Սահմանների բացումը երբե՛ք չպետք է կապել ԼՂ հիմնախնդրին, դա իմ համոզմունքն է։ Բայց բնական է, թուրքերը հենց այդ ենթատեքստով են ուզում առաջնորդվել` գուցե ոչ ուղղակի, բայց ուղղորդված ԱՄՆ-ի կամ ՌԴ-ի միջոցով։ ԼՂՀ հարցը վաղո՜ւց լուծված է։ Աշխարհի ընդունել-չընդունելուց անկախ, ԼՂ-ն կայացած պետություն է և լուրջ միավոր։ Սրա հետ պետք է հաշվի նստել։
-Գրավյալ տարածքների առնչությա՞մբ ինչ կասեք։
-Ես կասեի` ազատագրված տարածքներ։ Այս պարագայում առկա է անվտանգության լուրջ խնդիր։ Սահմանները պետք է լինեն բնական, այլ ոչ թե կտրտված։ ԼՂ անվտանգության խնդիրը պետք է քննարկվի, այդ համատեքստում են մասնավորապես Քելբաջարի, Լաչինի, ինչո՞ւ չէ, նաև Կուբաթլուի և Զանգելանի տարածքները։ Նախ պետք է անվտանգության խնդիրները քննարկել, նոր միայն մտածել, թե տարածքներն ընդհանրապես ումն են եղել։ Նույն ենթատեքստում կարող ենք հարցադրել` իսկ Կա՞րսն ումն է, Արդահա՞նն ումն է, Սարիղամի՞շն ումն է։ Այդ դեպքում Շահումյա՞նն ումն է. ի վերջո, հայկական մի ամբողջ շրջան կորցրինք։ Աշխարհն իրական փաստի հետ է հաշվի նստում։ Մենք այսօր շահեկան վիճակում ենք և չպետք է պարտվողական քաղաքականություն վարենք։ ՈՒղղակի պարտավոր ենք շատ ճկուն լինել, որպեսզի մեր սերունդները մեզնից երես չթեքեն։
-Մեր ճկունությունն էական ի՞նչ նշանակություն կարող է ունենալ, երբ աշխարհում գործում են երկակի ստանդարտներ. մտաբերենք Կոսովոն, Աբխազիան, Հարավային Օսիան։
-Իսկ ինչո՞ւ չենք կարողանում աշխարհին այնպես ներկայացնել խնդիրը, որ երկակի ստանդարտները հօգուտ մեզ լինեն։ Չէ՞ որ մենք այսօր, ինչպես արդեն ասացի, շահեկան վիճակում ենք։
-Եվ ո՞րն է «շահեկանը»։
-Այսօր մենք հաղթող կողմ ենք, փա՜ռք Աստծո, ունենք ուժեղ, կայուն բանակ։ Ավելի պետք է ուժեղացնենք մեր բանակը, պետք է ազգովի ուժեղանանք, ինքնակազմակերպվենք։ Մեր հարցերն ինքներս պետք է լուծենք, այլ ոչ թե հույսներս եվրոպաների ու ամերիկաների վրա դնենք։
-Իրողությունը, սակայն, այն է, որ աշխարհի հզորներն են լուծում այս կամ այն հատվածի խնդիրները։
-Կարծում եմ` այնքան էլ այդպես չէ, գերտերությունները, ինչ խոսք, միջամտում են և փորձում իրենց շահերի տեսանկյունից լուծումներ առաջադրել։ 30 տարուց ավելի է` Թուրքիան գրավել է Կիպրոսը, աշխարհն ի՞նչ է անում։ Ի՞նչ են անում ՄԱԿ-ը, ԵՄ-ն... Փորձում են որոշակի ազդեցություն ունենալ։ Այն թույլ ազգերը, որոնք մտածում են, թե իրենց հարցերն այդ կառույցներում են լուծվելու, տանուլ են տալիս։
-Ի գիտությո՞ւն եք հնչեցնում հայ ժողովրդին։
-Ո՛չ, դա իմ ներքին համոզմունքն է։ Մենք պետք է պատրաստ լինենք դիմակայության և պատրաստ լինենք պայքարելու, մեր հարցերն ուրիշը չի լուծելու։ Ի վերջո, մենք պատասխանատու ենք բազմահազար զոհված ազատամարտիկների հիշատակի առջև։ Պատմության մեջ առաջին անգամ Հայաստանն ունեցել է հաղթանակներ։ Այս պահին Աստված մեր կողմից է, ու այս պահին եթե թուլակամ գտնվենք ու զիջենք, Աստված մեզ չի ների։

«ՃԳՆԱԺԱՄԵՐԸ ԳԱԼԻՍ-ԳՆՈՒՄ ԵՆ, ԻՍԿ ԿՅԱՆՔԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է»

-Անդրադառնանք աշխարհի գերտերություններն անգամ ցնցած ճգնաժամին ու եզրակացնենք, թե Հայաստանին հասած հարվածն ինչ ուժգնության էր։
-Մենք 1988-ի երկրաշարժ տեսած, Սումգայիթ վերապրած, պատերազմի արհավիրքներով անցած պետություն ենք։ Հիշենք 1992-94 թվերը, ինչպիսի մութ ու ցուրտ տարիներ անցկացրինք ճրագի տակ։ Հետևաբար, ներկա ճգնաժամից չպետք է վախենանք։ Ճգնաժամերը գալիս-գնում են, իսկ կյանքը շարունակվում է։ Տնտեսագիտությունը սինուսոիդալ զարգացում է ունենում։ ՈՒնենում է մաքսիմալ կետեր (լավ իմաստով) և մինիմալ։ Եվ մենք դրան պետք է նայենք, ինչպես մարդ նայում է իր առողջությանը։ Մարդը հիվանդանում է և առողջանում, սա այն պահն է, որը պետք է կարողանանք հաղթահարել։ Սա` մարդկային, էմոցիոնալ առումով։ Իսկ եթե տնտեսագիտական առումով վերցնենք, իմ կարծիքով, այս ճգնաժամը թույլերին (ծույլերին, անբաններին) ավելի է թուլացնում, ուժեղներին (խոհեմներին, խելամիտներին) ավելի է ուժեղացնում։ Պետք է քաջ գիտակցենք, թե այս ճգնաժամը ո՛ր երկրի վրա ինչպես է ազդում։ Հայաստանն այնքան խոր ինտեգրացված չէ ընթացող պրոցեսներին, հետևաբար, կարծում եմ, թեթև կտանի ներկա ճգնաժամը։
Հնարավոր չէ, որ ճիշտ ծրագրեր ունեցող և քրտնաջան աշխատող մարդիկ անհաջողության մատնվեն։
-Պետք է ենթադրել, որ Ձեր գործունեության վրա այն որևէ ազդեցություն չթողեց։
-Իմ գործունեության տարբեր ոլորտներ գոյություն ունեն։ Կոնյակի, գինու մեծ արտադրություն ունեմ, և, բնական է, իրացումը ՌԴ-ում, այլ երկրներում նվազել է։
-Իսկ ի՞նչ վիճակ է բանկային համակարգում։
-Բոլորը սպասման մեջ են։ Այսօր ֆինանսական ճգնաժամ չկա, կա տնտեսական ճգնաժամ։ Այս երկուսը միմյանցից պետք է տարբերել։ ՀՀ-ում այսօր սառեցված է վարկեր տրամադրելու գործընթացը, ինչը շատ բացասական է և վատ է, որովհետև մարդկանց մոտ հավատի կորուստ կա։ Բայց այդ ամենը ժամանակավոր է, և մենք պետք է պատրաստ լինենք դիմակայելու։
-Իսկ լուրե՞րը, թե առաջիկայում որոշ բանկեր «պայթելու» են։
-Նման ինֆորմացիա չունեմ, ենթադրում եմ, որ այդ լուրերը ճիշտ չեն։ Հայաստանում կա 23 թե 24 բանկ։ Կարծում եմ` պետք է խոշորացման պրոցես ընթանա։ Մեր նման երկրում, ըստ իս, 5-10 բանկն էլ բավարար է։
-Եթե 70-80 կուսակցություններ կլինեն, ապա 23 կամ 25 բանկերի գոյությունը միանգամայն արդարացված է։
-Ժամանակավոր է այդ ամենը. ինչպես կուսակցությունները, այնպես էլ բանկերը, աստիճանաբար կգան իրենց օպտիմալ քանակին։
Զրույցը` Փիրուզա ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆԻ

Դիտվել է՝ 1605

Մեկնաբանություններ